Այսօր, ժամը 11-ին, Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտից մեկնարկեց «Ո՛չ «Գենդերային հավասարության մասին» 57 օրենքին» խմբի կազմակերպած բողոքի երթը:
Երթի կազմակերպիչ, «Նախնյաց հետքեր» մշակութային ՀԿ-ի նախագահ ԱՐՄԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ նպատակ ունեն չեղյալ համարելու վերոհիշյալ օրենքը, որը, թեև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքի մասին է, բայց ամենևին չի համապատասխանում իր բովանդակությանը:
«Երևի դա է պատճառը որ պատգամավորները մեծ մասամբ կողմ էին քվեարկել: Գենդերը սեռափոխ անձնավորությունն է և օրենքում խոսվում է նրանց հավասարության մասին: Նրանք իրավունք ունեն ամուսնանալու, երեխա որդեգրելու: Կառավարությունը ստանձնել է գենդերային օրենքի մի ամբողջ փաթեթ: Հաջորդը լինելու է ընտանեկան բռնության մասին օրենքը: Այս դեպքում նույնպես վերնագիրը հակասում է բովանդակությանը: Սոցիալական աշխատողները մուտք են գործելու ընտանիք` պարզելու` երեխայի համար արդյո՞ք բարենպաստ պայմաններ կան: Նրանց հայեցողությամբ կարող է երեխան օտարվել ընտանիքից»,- ասաց Արման Մխիթարյանը, նշելով, որ կնոջ և տղամարդու իրավահավասարությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, և եթե «գենդերը» փոխարինվի մեկ այլ եզրույթով, օրենքն ընդհանրապես իմաստ չի ունենա:
«Ո՛չ գենդերային օրենքին», «Ո՛չ պղծությանը», «Հանուն մեր երեխաների» վանկարկելով` երթի մասնակիցները շարժվեցին դեպի Կառավարության շենք և հանձնեցին իրենց նամակը, որտեղ կան մի շարք պահանջներ. չեղյալ համարել գենդերային օրենքը, արգելել գենդերային այլասերումների քարոզը, պատասխանատվության ենթարկել Հայաստանի քաղաքացիների շրջանում ապատեղեկատվություն տարածողներին: Երթի կազմակերպիչները նշում են նաև, որ 57 օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության և դրանից բխող ՀՀ Ընտանեկան օրենսգրքի և ՀՀ Կրթության մասին օրենքի մի շարք հոդվածների:
Բողոք-ակցիային միացել է 40 կազմակերպություն, կառավարությանը հանձնած նամակի տակ կա 3500 ստորագրություն:
Հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ տեղեկացրեց, որ 2014-ի հունվարի 1-ից նույնականացման քարտը դառնալու է պարտադիր բոլորի համար, և նամակում բարձրաձայնվել է նաև մարդկանց «համարակալման» խնդիրը: Ինչ վերաբերում է գենդերի մասին օրենքին, Խաչիկ Ստամբոլցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե օրինական ձևով հարցին լուծում չտրվի, քաղաքացիական պատերազմ կսկսվի, մանավանդ, երբ հարցը հասնի երեխաներին «բռնազավթելուն»: Հետաքրքրվեցի` «գենդեր» բառով ապակողմնորոշված մեր քաղաքական այրերը կո՞ղմ են 57 օրենքի դեմ սկսված պայքարին: Պարոն Ստամբոլցյանն ասաց, որ գրեթե բոլոր կուսակցությունները կողմ են, բացառությամբ այն կուսակցությունների, որոնք սնվում են դրսից և չեն ուզում նեղացնել Եվրոպային: Դրանք են «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը:
Բողոքի երթին մասնակցում էին նաև հոգևորականներ: Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան, հայորդաց տների տեսուչ տեր ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆՆ իր խոսքում ասաց, որ գենդերային օրենքի նպատակը ազգերի այլասերումն է, այն ոչ մի կապ չունի եվրոպական և արևմտյան արժեքների հետ, հակառակ է ոչ միայն աստվածային կամքին, այլև բնությանը:
«Գենդերային օրենքին տուրք տալով` մենք ճանապարհ ենք հարթում ազգի ոչնչացման համար: Մենք ձայն ենք բարձրացնում ողջ ժողովրդի համար: Խոսքը հայի վաղվա օրվա մասին է: Չեմ կարծում, թե որևէ հայ, լինի հավաքարար թե պաշտոնյա, պիտի կամենա, որ իր աղջիկը եկեղեցի մտնի մեկ այլ աղջկա հետ, տղան` տղայի և միասեռ ամուսնություն իրականացնի»,- ասաց նա, ընդգծելով, որ իրենք ոչ թե բողոքի, այլ սթափության ձայն են բարձրացնում:
Գենդերային հավասարության դեմ պայքարի էր դուրս եկել նաև «Նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով ժամանակ առ ժամանակ իր վրա էր սևեռում երթի մասնակիցների, հատկապես լրատվամիջոցների ուշադրությունը:
Չնայած իր վանկարկումներով ու քարոզներով և հենց ներկայությամբ Անի Զախարյանը հարուցում էր ներկաների զայրույթը, սակայն մինչև վերջ չլքեց «մարտադաշտը», ասելով, որ իրեն հրավիրել են երթը նախաձեռնողները: Վերջիններս հերքեցին հրավերի փաստը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ